Մենք չենք բացառում ապագայում նման հանդիպում անցկացնելը. Բաքվում խոսել են Միրզոյան Բայրամով նոր հանդիպման մասին
«Ադրբեջանական կողմը միշտ բաց է եղել երկխոսության համար, և մեր երկիրը նախընտրում է ցանկացած տարաձայնություն լուծել բանակցությունների միջոցով: Հետկոնֆլիկտային փուլում մենք բազմիցս հայտարարել ենք հայկական կողմի հետ բանակցությունների պատրաստակամության մասին»: Ինչպես հաղորդում է Azeri Daily-ն, այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան՝ պատասխանելով այն հարցին, թե նախատեսվո՞ւմ է արդյոք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում:
«Օգտակար ենք համարում հետկոնֆլիկտային շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը միտված հարցերի քննարկումը: Որոշ ժամանակ առաջ Նյու Յորքում տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Մենք չենք բացառում ապագայում նման հանդիպում անցկացնելը»,- նշել է Աբդուլաևան:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի՝ ադրբեջանական կողմը բազմիցս նշել է, որ «ներկա փուլում անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել երեք պետությունների ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարությունների իրականացմանը: Հայտնի է, որ այստեղ կան մի շարք բաց հարցեր: Մենք կարծում ենք, որ հաղորդակցության բացումը, սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունների սկիզբը կարող են առողջ հիմք ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ մեր կառուցողական առաջընթացի համար»: