Այսօր վարչապետի կողմից տեսանք պարտադրանքի դրսեւորում, որն իրավաչափ չէ. Ռուբեն Մելիքյան
Կորոնավիրուսի հետ կապված հարցը շատ նուրբ է, որովհետև մարդկանց կյանքին է առնչվում և դժվար է այստեղ շատ կատեգորիկ լինելը, բայց մի բան հստակ է, որ պարտադրանքը իրավաչափ չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրառնալով այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններոն, որտեղ նա հանձնարարեց վարչական լծակներն օգտագործել, որ պատվաստման գործընթացն առաջ գնա: Նա նաև նշեց, որ պետական ապարատում բոլորը պետք է պատվաստված լինեն, և խոսքի մեջ ակնհայտ պարտադրանք կար:
Մելիքյանի խոսքով, ի տարբերություն պարտադրանքի, խրախուսման գործիքներ կիրառելն իրավաչափ է. «Այսօր մենք տեսանք պարտադրանքի դրսևորում, որը իրավաչափ լինել չի կարող: Եթե կան հարցեր, պետք է տրվեն պատասխաններ, անգամ եթե այդ հարցերը ոչ միշտ են իրականության շրջանակներում, որ միշտ են պրոֆեսիոնալ: Պետության խնդիրն է համբերատար այդ ամենի հետ աշխատել: Իրավական պետության գաղափարը դա է:
Մարդու մարմինն իր անձնական տիրույթն է, և եթե պետությունը պարտադրանքով է փորձում միջամտել, դա մարդու հիմնարար իրավունքի խախտում է, ոչ ավելի պակաս, քան երբ որ կրոնական պատճառներով զենք չեն բռնում, և նրանց փոխարենը տանում են այլընտրանքային ծառայության: Ինչու մի դեպքում չենք պարտադրում, մյուս դեպքում պետք է պարտադրենք»,-հայտարարեց ԿՀ ղեկավարը: