Արցախյան հարցի բանակցային գործընթացը վաղ թե ուշ վերսկսվելու է, իսկ 3+3 ձևաչափի ստեղծումն իրատեսական չէ. Իսկանդարյան
Շատ բարդ է պատկերացնել, որ կարող է 3+3 ձեւաչափ ստեղծվել այն դեպքում այն դեպքում, երբ դրանում իրար հետ պետք է աշխատեն Վրաստանն ու Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան եւ Հայաստանն ու Ադրբեջանը, դա իրատեսական չէ: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին տարածաշրջանային երկրների մասնակցությամբ նոր՝ «3+3» ձեւաչափի ստեղծման վերաբերյալ հնչող հայտարարություններին եւ դրանց իրագործելիությանը:
«Առաջին հերթին՝ տեղեկատվությունն ամբողջական չէ այս հարցի վերաբերյալ. ՌԴ արտգործնախարարն այս մասին Իրանի իր գործընկերոջ հետ ճեպազրույցի ժամանակ խոսեց՝ ի պատասխան հնչած հարցին, եւ դրական արձագանքեց դրան, քանի որ այն նման համատեքստում էր հնչել: Ինչ վերաբերում է 3+3 ձեւաչափի ստեղծմանը, ապա այն առաջարկը բավական երկար ժամանակ գոյություն ունի, տեւական ժամանակ քննարկվում է: Շատ բարդ է պատկերացնել, որ այն լրջորեն կարող է իրագործվել այն դեպքում, երբ դրանում իրար հետ պետք է աշխատեն Վրաստանն ու Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան եւ Հայաստանն ու Ադրբեջանը, դա բարդ է իրագործել: Այդ պատճառով էլ ինձ չի թվում, որ այդ ձեւաչափի ստեղծումն իրատեսական է»,- նշեց Իսկանդարյանը:
«3+3» ձեւաչափի ստեղծման վերաբերյալ խոսակցություններին զուգահեռ ակտիվություն է նկատվում պաշտոնական Թբիլիսիի կողմից: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վերջին օրերին այցելեց նախ Ադրբեջան, հետո նաեւ՝ Հայաստան՝ շեշտելով, որ Վրաստանը պատրաստ է միջնորդական դեր ստանձնել տարածաշրջանային խնդիրների կարգավորման հարցում: Իսկանդարյանի համոզմամբ՝ Վրաստանը Հարավային Կովկասում, այն է՝ իր շուրջ կատարվող գործընթացների պայմաններում փորձում է ներգրավվել ինչ-որ մի ձեւաչափում եւ ինչ-որ դեր խաղալ այդտեղ: