Պատվաստվողների թվի ավելացմանը զուգահեռ ավելացել է վարակվածների թիվը. Ավանեսյանը չի բացառում, որ թեստավորումը դառնա շաբաթը մեկ
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը արդյունավետ է համարում նախարարության՝ 14 օրը մեկ մարդկանց պարտադիր թեստավորվելու պահանջը: Այս մասին նախարարն ասաց հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը:
Նա չի բացառում, որ առաջիկայում Հայաստանում պահանջեն թեստավորվել շաբաթը մեկ անգամ:
Ավանեսյանի խոսքով՝ նման պահանջ սահմանելու իմաստն այն է, որ թեստավորվելուց հետո դրական պատասխան ստանալու պարագայում մարդիկ ինքնամեկուսանան, չգնան աշխատանքի, չվարակեն իրենց գործընկերներին, ընկերներին, անձանց, որոնց հետ հաղորդակցվում են:
Անդրադառնալով պատվաստումներին՝ նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 15-ին իրականացվել է մոտ 17 հազար պատվաստում: «Ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթ պատվաստվողների թիվն ավելի կմեծանա»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ չնայած պատվաստվողների թիվն ավելացել է, սակայն զուգահեռ ավելացել է նաև կորոնավիրուսով վարակվածների թիվը:
«Մենք պետք է ամեն ինչ անենք հնարավորինս զսպելու առաջիկա երկու կամ երեք շաբաթների ընթացքում հիվանդության տարածումը»,-ընդգծեց նախարարն ու քաղաքացիներին հորդորեց դիմակ կրել փակ տարածքներում: