Կառավարությունն Արցախին 13․5 մլրդ դրամ կհատկացնի
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Արցախի Հանրապետության կառավարությանը միջպետական վարկ տրամադրելու և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշումը։
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ սրանով կարգավորվում է նոյեմբեր ամսվա համար Արցախի Հանրապետությանը գումար հատկացնելու հարցը։ «Գումարը կազմում է 13 մլրդ 575 մլն դրամ։ Սա թվով հինգերորդ նման եղանակով ամեն ամիս կայացվող որոշումն է։ Մենք հուլիս ամիսը ներառյալ հանրագումարով հատկացրել ենք 65 մլրդ դրամ։ Դրանից հետո արդեն ամսական հատկացումների միջոցով, այս գումարը ներառյալ, մենք հատկացրած կլինենք ևս 57 մլրդ դրամ»,- ասաց նախարարը։
Տրամադրվող գումարից 3,2 մլրդ դրամը լինելու են աշխատավարձեր, 1,2 մլրդ-ը՝ կենսաթոշակներ, երեխաների նպաստները՝ մոտ 350 մլն դրամ, համայնքներին տրվող դոտացիաներ՝ 345 մլն դրամ։ 1 մլրդ 346 մլն դրամ հատկացվելու է բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների հատուցման համար։ Կարևոր առանձնահատկություն՝ այս գումարը բաղկացած է երկու մասից՝ մի մասը միջպետական վարկի շրջանակներում է տրվում՝ մոտ 12 մլրդ դրամը։ Եվ 1,3 մլրդ դրամն անհատույց տրվող միջոցներն են։
«Մինչև օգոստոս ամիսը ներառյալ մենք հատկացնում էինք սոցիալական ուղղության կենսական անհրաժեշտ միջոցներ, արդեն սկսած սեպտեմբեր ամսից ավելացրել ենք նաև տնտեսական և կապիտալ ծրագրերին աջակցելու ուղղությունները։ Եվ սեպտեմբեր, հոկտեմբեր ու նոյեմբեր ամիսների հանրագումարով արդեն կապիտալ նշանակության ծրագրերի մասով, որոնք առավելապես բնակարանային բարելավման հետ կապված ծրագրեր են, 6,4 մլրդ դրամ է հատկացումը կազմում»,- ասաց Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ համանման բովանդակությամբ որոշում կլինի նաև դեկտեմբեր ամսվա համար։