Դիմակների տուգանքի մասին խոսող փոխոստիկանապետը լրագրողների հետ զրուցում էր առանց դիմակի
Մինչ օրս չի եղել մի իրավիճակ, երբ ոստիկանության ծառայողներն առանց հիմքի տուգանեն որևէ քաղաքացու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:
Դիտարկմանը, թե ինքն էլ այդ պահին լրագրողների հետ զրուցում առանց դիմակի, Ֆիդանյանն ասաց, որ ինքն ավելի վաղ հանել էր դիմակը և այդպես էլ դուրս է եկել:
«Կարող եմ հենց հիմա կրել»,- ասաց Ֆիդանյանը՝ այդպես էլ դիմակ չդնելով:
Նա վստահեցրեց, որ չեն եղել առանց հիմքի տուգանելու դեպքեր, չեն լինելու, այլ ոստիկանները կատարելու են զուտ օրենքով իրենց վերապահված իրավունքները:
Հարցին, թե նախորդ անգամ, երբ խստացումը եղավ որքա՞ն է տուգանքի չափը կազմել, և արդյոք վճարումներ կա՞ն:
«Վճարումներ, իհարկե, կան, բավականին մեծ վճարումներ, որովհետև հակառակ պարագայում նյութերն ուղարկվում են ԴԱՀԿ ծառայություն և այդուհանդերձ մեր քաղաքացիները պետք է վճարեն: Եղել են դեպքեր, երբ քաղաքացիները դիմել են դատարան և չեն վճարել տուգանքները»,- ասաց Ֆիդանյանը՝ մասնավորեցնելով, որ, օրինակ, արձանագրությունը թերի է կազմված է եղել, կամ որոշակի մանրամասներ չեն նշվել, բացառապես դրանով է պայմանավորված դատարանների վճիռը: