Իմ դեմ հարուցված քրեական գործը բացահայտ քաղաքական հետապնդում է. Անժելա Մաքյան
Իմ դեմ հարուցված քրեական գործը բացահայտ քաղաքական հետապնդում է: Այս մասին գրել է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության թեկնածու Գոռ Թադևոսյանի մայրը՝ Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Անժելա Մաքյանը:
Նա մասնավորապես գրել է.
«Որքան էլ կրթական համակարգը փորձում է զերծ մնալ քաղաքականությունից, Քաղաքականությունը ներխուժում է կրթական համակարգ և չի հանդուրժում ազատ կամարտահայտությունը։
Իմ դեմ հարուցված քրեական գործը բացահայտ քաղաքական հետապնդում է։
Որդուս` Գոռ Թադևոսյանի «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության թեկնածու առաջադրվելու նախօրերին ՊՎԾ-ն մշտադիտարկում իրականացրեց «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում։
Հոկտեմբերի 20-ին տասնյակ ոստիկաններ ներխուժեցին քոլեջ, անչափահաս ուսանողների ներկայությամբ՝ վախի և տագնապի մթնոլորտում առգրավեցին փաստաթղթեր։
Հոկտեմբերի 28-ին առավոտյան 8:30-ին մասսայական խուզարկություններ են կատարվել իմ եւ 23 աշխատակիցների բնակարաններում ընտանիքի անդամների ներկայությամբ հոգեբանական ճնշում գործադրելով երկարամյա մանկավարժների եւ վաստակաշատ դասախոսների վրա։
Քաղաքական իշխանության կողմից իրականացվում են բոլոր միջոցները նախընտրական շրջանում կասեցնելու որդուս մասնակցությունը Կապանի ավագանու ընտրություններին»: