Նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն չկա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադարձել է նոյեմբերի 9-ի հնարավոր հանդիպմանը:
Պետրոս Ղազարյան - Մամուլը գրեց, հերքեց, գրեց։ Նոյեմբերի 9-ին որոշակի հանդիպում կա՞՝ այո՞, թե՞ ոչ, և եթե կա` ինչպիսի՞ օրակարգ։ Հնարավո՞ր է, թե՞ ոչ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես կարող եմ ասել, որ այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն չկա։ Նախորդ հարցուպատասխանի ժամանակ Արտաքին գործերի նախարարը խորհրդարանական ամբիոնից ասաց, որ կան բազմաթիվ գաղափարներ և առաջարկներ։ Մենք ընդհանրապես ասել ենք, որ մենք դեմ չենք հանդիպումներին, բայց շատ կարևոր է այդ հանդիպումների կոնտեքստը, այդ հանդիպումների սիմվոլիկան, այդ հայտարարություններից ակնկալվող պոտենցիալ արդյունքը։
Ես Ձեզ այսպիսի մի բան ասեմ՝ այնտեղ, որտեղ մենք կարող ենք արձանագրել արդյունք, մենք ոչ մի հանդիպումից չենք հրաժարվի, բայց ինքնանպատակ հանդիպումներ անելու կողմնակից չենք նաև։ Կոնկրետ նոյեմբերի 9-ի հետ կապված կարող եմ ասել, որ այս պահին այդպիսի պայմանավորվածություն չկա։