Ադրբեջանը կրակում է խաղաղ բնակիչների ուղղությամբ, սպանում, իսկ հետո Հայաստանին մեղադրում. Ադրբեջանի ԱԳՆ-ի ցինիկ մեկնաբանությունը Շուշիի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան անդրադարձել է Շուշիի մոտակայքում նոյեմբերի 8-ին տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ ադրբեջանցիների դիմահար արձակած կրակոցների հետեւանքով սպանվել է 22-ամյա ստեփանակերտցի, եւս 3-ը՝ վիրավորվել։ Բոլորն էլ եղել են քաղաքացիական անձինք՝ ջրմուղի աշխատակիցներ։
Աբդուլաեւան հայտարարել է, թե, իբր, աշխատանք իրականացնող քաղաքացիները աշխատանքների մասին տեղյակ չեն պահել խաղաղապահներին, սակայն անգամ ռուսական ալիքներն են պնդում, որ չեզոք գոտի առանց նախապես զգուշացնելու հնարավոր չէր մուտք գործել։
«Սովորաբար, երբ տվյալ տարածքում ինչ-ինչ աշխատանքներ են ծրագրվում, այդ մասին իրազեկում են ռուս խաղաղապահներին, և բոլոր աշխատանքները տարվում են նրանց ուղեկցությամբ»:
Այս անգամ, ըստ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի, խաղաղապահները տեղեկացված չեն եղել և չեն մասնակցել, ինչն էլ «լուրջ հարցեր է առաջացնում»՝ հակադարձելով տեղեկությանը, թե շինարարական աշխատանքները իրականացվել են հենց խաղաղապահներին ջրով ապահովելու համար։ Աբդուլաևան հիշեցրել է, որ նշված օրը Շուշիում միջոցառում է անցկացվել Ադրբեջանի նախագահի եւ պետական գործիչների մասնակցությամբ:
«Ինչպես հայտնի է, նման դեպքերում տարածքում անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկվում։ Իմանալով այդ մասին ՝ տարածքի մոտ գտնվող կետում ջրագիծ վերանորոգելը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում»։
Ադրբեջանի ԱԳ ներկայացուցիչն այս մասին հայտարարելով, չի բացառում փաստը, որ ադրբեջանական կողմը վախեցել է տարածքում աշխատող չորս բանվորի ներկայությունից ու որոշել նրանց տարածքից ամեն կերպ դուրս բերել։
Ադրբեջանական կողմին նաև դուր չի եկել ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի այցը Արցախ՝ գնահատելով այն որպես «Երևանի կողմից հերթական սադրանք»: Ըստ ադրբեջանական կողմի, այցը կազմակերպվել է միտումնավոր՝ սրելու վիճակը, այնինչ նախարարի այցին ադրբեջանական կողմը պատասխանում է խաղաղ բնակիչների վրա կրակելով, ապա մեղադրելով, թե խախտվել են համաձայնագրի կետերը։
Աղբյուր` Փաստինֆո