Բաքուն լիովին կատարել է ռազմագերիների փոխանցման դրույթը. Ադրբեջանի վարչապետ
Նոյեմբերի 12-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որի շրջանակում ելույթ է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը: Ինչպես հայտնում է ադրբեջանական Minval.az-ը՝ Ասադովը խոսել է հայ ռազմագերիներին մասին:
«Այստեղ բարձրացվել են ռազմագերիների հետ կապված հարցեր։ 2020թ.-ի նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ դրույթը նախատեսում է ռազմագերիների փոխանցում։ Ադրբեջանը լիովին կատարել է այս դրույթը։ Այս կապակցությամբ ուզում եմ նշել, որ ՌԴ ԱԳՆ 2021թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշվում է, որ մինչև 2020թ.-ի դեկտեմբերի 2-ը ռուս խաղաղապահների մասնակցությամբ իրենց երկրներ է վերադարձվել 122 զինծառայող և կալանավոր։ Նրանցից 105-ը վերադարձվել է Հայաստան, 17-ը՝ Ադրբեջան»,-ասել է Ասադովը: