Զանգեզուրի միջանցքը նախագիծ է, որը կարող է կապել թուրքական աշխարհը․ Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Ստամբուլում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 8-րդ գագաթնաժողովում, ասել է, թե հույս ունի, որ «Հայաստանը կհրաժարվի Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային հավակնություններից»։
«Հուսով եմ, որ Հայաստանը կհրաժարվի իր տարածքային հավակնություններից Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, իսկ եթե ոչ, ապա ավելի կվատթարացնի իր դիրքերը»,- ասել է նա։
Ալիևը հայտարարել է նաև, թե «1920-ականներին Խորհրդային ղեկավարության որոշմամբ Ադրբեջանը փաստացի մասնատվել է․ «ադրբեջանական տարածքի» մի մասը «փոխանցվել է» Հայաստանին»։
«Այսպիսով, թյուրքական աշխարհը մասնատվել է, և այսօր մենք կրկին միավորում ենք թյուրքական աշխարհի աշխարհագրությունը լոգիստիկ նախագծերի միջոցով»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել՝ ասելով, թե «ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակը տարածաշրջանային մակարդակով նշանակում է կապի և նյութատեխնիկական ապահովման զարգացում, և այս տեսանկյունից կարևոր է «Զանգեզուրի միջանցքի» բացումը»։
«Սա շատ լայն հնարավորություններ կբացի ողջ տարածաշրջանի համար։ Այս միջանցքը լավ ներուժ ունի, այն կապելու է թյուրքական աշխարհի բոլոր երկրները, մեզ կապելու է Եվրոպայի հետ։ Սա շատ կարևոր նախագիծ է»,- նշել է նա։