Կենտրոնական ավտոկայանի մոտ՝ կանգառում, հայտնաբերվել է մարտական նռնակ
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ կենտրոնական ավտոկայանի հարևանությամբ գտնվող կանգառում մարտական նռնակ կա: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից:
Մինչ օպերատիվորեն կժամանեին ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի և ավագ պարեկներ Սևակ Առաքելյանի ու Ժակ Մանվելյանի գլխավորությամբ սահմանազատել են տարածքը, որպեսզի քաղաքացիները չմոտենան դեպքի վայրին:
Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Ժամանած ԱԻՆ սակրավորները կարողացան նռնակը վնասազերծել և այն տեղափոխում են անվտանգ վայր: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: