Մանդատները վայր դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել. Արծվիկ Մինասյան
«Մենք ասել ենք, որ մանդատներն օգտագործելու ենք բոլոր հնարավոր ելքերով, այդ թվում՝ բացահայտելով այս իշխանությունների ապօրինությունները, ազգադավ լինելը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ ոչ մի կաշկանդող բան չկա իրենց՝ մանդատները վայր դնելու համար։
Ընդդիմությունը կիրականացնի բոլոր այն գործողությունները, որը հնարավորություն է տալիս մանդատը, սակայն մանդատները վայր դնելու հարցը կմնա օրակարգում։
«Մանդատները դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել։ Բայց դա կլինի այն ժամանակ, երբ կտեսնենք, որ դրանով կհասնենք մեր վերջնանպատակին՝ կփոխենք կապիտուլացված իշխանությանը, երկրում կվերականգնենք ազգային իշխանություն և կձևավորենք սահմանադրական կարգ», - ասաց Արծվիկ Մինասյանը։
«Հայաստան» խմբակցությունը հանդես կգա ևս մեկ հայտարարությամբ, սակայն այդ մասին դեռևս մանրամասներ չհայտնեց։