Զանգեզուրի միջանցքի ստեղծման աշխատանքներն արդեն իսկ ընթանում են․Բայրամով
«Տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների բացման շուրջ բանակցությունները շարունակվում են։ Այս հարցում դեռ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել։ Հուսով ենք, որ հայկական կողմը շուտով կհասկանա խնդրի կարևորությունը։ Համատեղ հայտարարությունները ստորագրում է հայկական կողմը, որը պարտավորություններ է դնում Երեւանի վրա։ Եռակողմ հայտարարությունը ոչ միայն Ադրբեջանին և Հայաստանին վերաբերող փաստաթուղթ է, այլև շոշափում և բավարարում է ողջ տարածաշրջանի շահերը»,- Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նախարարը նշել է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող նոր տրանսպորտային երթուղու շնորհիվ կձևավորվի Թուրքիայի տարածքով ճանապարհ դեպի եվրոպական շուկաներ։
«Զանգեզուրի միջանցքը կդառնա նաև ճանապարհ Թուրքիայից դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ՝ դրանով իսկ նոր հնարավորություններ բացելով Անկարայի համար»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։
Ջ.Բայրամովը նշել է, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծման աշխատանքներն արդեն իսկ ընթանում են։ Մարզում անհրաժեշտ է վերականգնել ճանապարհային և երկաթուղային կապերը։