Ուկրաինան Բուլղարիայի դեսպանին կանչել է ԱԳՆ
Ուկրաինայի ԱԳՆ-ն կանչել է Կիևում Բուլղարիայի դեսպան Կոստադին Կոջաբաշևին և նախագահ Ռումեն Ռադևից ակնկալում է հերքել «ռուսական Ղրիմի» մասին նրա խոսքերը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Ուկրաինական կողմը դեսպանին է ներկայացրել մեր պետության դիրքորոշումը երեկ նախընտրական հեռուստաբանավեճերի ժամանակ Ղրիմի վերաբերյալ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հայտարարությունների անճշտության և անթույլատրելիության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Ղրիմի մասին Բուլղարիայի նախագահի խոսքերը չեն նպաստում Ուկրաինայի և Բուլղարիայի միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը և կտրուկ հակասում են Սոֆիայի պաշտոնական դիրքորոշմանը, որը հայտարարել է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու մասին։