Մինչ մենք խոսում է խաղաղության մասին, Ադրբեջանը բազմապատկում է այլատյաց հայտարարությունները. Արարատ Միրզոյան
Երկու կողմերի հռետորաբանությունը մեծապես տարբերվում է։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը Փարիզ աշխատանքային այցի շրջանակներում ֆրանսիական հեղինակավոր «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթին տված հարցազրույցում` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպիսի՞ ջանքեր է պատրաստ գործադրել Հայաստանը։
«Հայաստանը խոսում է հաղորդակցության բոլոր ուղիների բացման, մինչդեռ Ադրբեջանը պնդում է, այսպես կոչված, «միջանցքի» մասին (Նախիջևանի հետ, որը գտնվում է Հայաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, խմբ.)։ Հայաստանը, որպես բարի կամքի դրսևորում, պատրաստ է փոխանցել իր տրամադրության տակ գտնվող տարածաշրջանում տեղակայված ականների բոլոր քարտեզները, սակայն Ադրբեջանը, պարտավորություն ունենալով հանդերձ, ազատ չի արձակում հայ ռազմագերիներին»,-ասել է Արարատ Միրզոյանը։
Արտգործնախարարը նշել է, որ մինչ հայկական կողմը խոսում է խաղաղության մասին, Ադրբեջանը բազմապատկում է այլատյաց հայտարարությունները։
«Դրանց մասին են վկայում Ադրբեջանի նախագահի ելույթները, Բաքվում այս տարվա գարնանը բացված «Ռազմավարների պուրակը», որտեղ հայերը ներկայացված են նսեմացված և ծաղրի ենթարկված»,-ասել է նա:
Հարցին, թեինչև ու՞ր կարող է տանել ատելության այս քարոզը, Արարատ Միրզոյանը պատասխանել է. «Այս բարդ հարցի պատասխանը գտնվում է Բաքվում։ Ատելությունը կարող է հանգեցնել բնաջնջման և ցեղասպանության։ Հայ ժողովուրդը գիտի դա»։
Միրզոյանը նշել է, որ տևական խաղաղություն հնարավոր է, բայց հայկական բնակչության առկայություն Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում դժվար է պատկերացնել։
«Պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում այսօր որևիցե հայ չի ապրում, ինչն էթնիկ զտման փաստացի ապացույց է»,-ասել է նա: