Իրանն ու Ադրբեջանը տարածաշրջանի հետ կապված մտքեր են փոխանակել
Իրան կատարած այցի ընթացքում փոխվարչապետ, Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրի և հումանիտար հարցերի պետական հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևը հանդիպել է հարևան երկրի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։
Իրանի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Ադրբեջանին տարածքների օկուպացիայից ազատագրման և Հաղթանակի օրվա կապակցությամբ, ինչպես նաև հայտնել է Իրանի շահագրգռվածությունը Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում։
Հանդիպմանը խոսվել է միջկառավարական պետական հանձնաժողովի գործունեության կարևորության մասին և գոհունակություն հայտնել նրա ակտիվ աշխատանքից։
Նշվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների կայուն զարգացմանն ուղղված ջանքերի ավելացման և հանդիպումների անհրաժեշտությունը, այդ թվում՝ զբոսաշրջության, տրանսպորտի, էներգետիկայի, տարանցման, համատեղ արդյունաբերական և ներդրումային ծրագրերի, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, հումանիտար ոլորտներում։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։