Համաձայն ՀՀ սահմանադրության՝ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով. դիմում՝ Փաշինյանին
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Զարթոնք» և 5165 կուսակցությունների նախաձեռնած բողոքի ակցիան՝ ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը ժողովրդին գաղտնազերծելու պահանջով։ Ակցիայի մասնակիցները դիմում են ներկայացնելու կառավարություն, ապա քայլերթով շարժվելու են դեպի նախագահական նստավայր և ԱԺ, վերադառնալու են Հանրապետության հրապարակ համահավաքի։
Նրանք ընթերցեցին նաև կառավարությանը հասցեագրված դիմումը․
«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր սեղանին դրված է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանագծմանն ու սահմանազատման վերաբերյալ փաստաթուղթ, որի բովանդակությունը գաղտնի է պահվում։ Փաստաթղթի վերաբերյալ ունենք հիմնավոր կասկածներ, որ ՀՀ-ից թշնամուն են զիջվելու կենսական տարածքներ, ռազմավարական կարևոր բարձունքներ, իսկ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս։
Մեր մտահոգությունները սույն խնդրի վերաբերյալ ավելանում են, քանի որ նշված փաստաթղթի բովանդակության բացահայտման ուղղված թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական նախաձեռնությունները տապալվում են։
Համաձայն ՀՀ սահմանադրության, ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով։
Համաձայն ՀՀ ԳԽ 1992 թ․ հուլիսի 8-ի որոշման, ՀՀ համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂ նշված կլինի Ադրբեջանի կազմում։
Ելնելով նշվածից՝ պահանջում ենք կառավարությունից ներկայացնել Նիկոլ Փաշինյանի նշած փաստաթղթի բովանդակությունը»։
Դիմումը սահմանված կարգով փոխանցվելու է հասցեատիրոջը։