Ֆրանսիայում սկսվել է կորոնավիրուսի հինգերորդ ալիքը
Ֆրանսիայի իշխանությունները նշել են COVID-19-ի դեպքերի կտրուկ աճ և խոստովանել են, որ երկրում սկսվել է համաճարակի հինգերորդ ալիքը։ Այս մասին կիրակի օրը Europe 1 ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը։
«Շաբաթվա ընթացքում նոր վարակների թիվն աճել է 80%-ով՝ օրական 17000-ով»,- ասել է նա։
Աթալը նշել է, որ Ֆրանսիան «հարևան երկրներից մի փոքր շուտ» է սկսել բնակչությանը վերապատվաստելու արշավ, չնայած այն հանգամանքին, որ երկրում բնակչության բավականին մեծ տոկոսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։
Միաժամանակ կառավարության խոսնակը ուղղակիորեն չի պատասխանել այն հարցին, թե արդյոք երկրի իշխանությունները, Ավստրիայի օրինակով, պատրաստվում են ինքնամեկուսացման երկրորդ ռեժիմ մտցնել, և արդյոք սահմանափակումներ կլինե՞ն միայն նրանց համար, ովքեր դեռ չեն պատվաստվել։