Դեկտեմբերի 3-ին տեղի կունենա Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը
Վանո Սիրադեղյանի աճյունն արդեն Հայաստանում է, չնայած նրա որդին՝ Խաչատուր Սիրադեղյանն ասել էր, որ նման տեղեկություն չունի։
Hraparak.am-ին հասած տեղեկություններով, Սիրադեղյանի մարմինն արդեն բերել են եւ նրա հուղարկավորության կառավարական հանձնաժողովն արդեն նիստ է արել եւ որոշել արարողակարգը։
Մենք կապվեցինք կառավարական հանձնաժողովի անդամ, Բնակչության հատուկ սպասարկման ՀՈԱԿ-ի «Թաղման բյուրոյի» տնօրեն Վահե Խաչատրյանի հետ եւ հետաքրքրվեցինք, թե որտեղ է գրողի աճյունը, ինչ է որոշել հանձնաժողովը։
Նա Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ Սիրադեղյանի մարմինը տեղափոխելու հետ կապված` տեղեկություն չունի, բայց կարող է ասել, թե երբ է տեղի ունենալու նրա հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները:
«Դեկտեմբերի 3-ին տեղի կունենա հոգեհանգստի արարողությունը, դեկտեմբերի 4-ին` հուղարկավորությունը»,-ասաց նա:
Խաչատրյանը նաև նշեց, որ Սիրադեղյանին հուղարկավորելու են իր հայրենի Կոթի գյուղում, իսկ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Օպերայում: