Ես մեկ գրամ չեմ կասկածում այդ մարդկանց հայրենասիրության և հայրենատիրության վրա․ Կարեն Հովհաննիսյանը՝ Ազատագրական շարժման առաջնորդների մասին
Գիտեմ, որ ընկերներիցս շատերը անհամբեր սպասում են, որ կարծիքս հայտնեմ Ազատագրական շարժման մասին։ Գիտեմ նաև, որ որոշ շրջանակներ անհամբեր սպասում են մի բան գրեմ, որ սքրին անեն գրածս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
«Ամեն դեպքում, ես պետք է ասեմ իմ կարծիքը։ Շարժման ղեկավարների մեծ մասին, եթե ոչ բոլորին անձնապես ճանաչում եմ, մի քանիսի հետ ընկերական հարաբերությունների մեջ եմ, նաև մասնագիտական։ Եթե ընկերական հարաբերությունների մեջ եմ, ուրեմն պետք է որ իրենց հայրենասիրության և հայրենատիրության չափը զգացած լինեմ։
Միայն մի բան ասեմ, ես մեկ գրամ չեմ կասկածում այդ մարդկանց հայրենասիրության և հայրենատիրության վրա, ինչպես նաև վստահ եմ, որ իրենք որևէ մեկի պրոյեկտ չեն կարող լինել։ Իրենք իրենց երբեք նման բան թույլ չեն տա։ Մի կարևոր նկատառում ևս։ Եթե նկատել եք, ազատագրական շարժման պահանջների մեջ չկա ոչ մի քաղաքական պահանջ։ Այսինքն չեն պահանջում սրա-նրա հրաժարականը, պարզապես պահանջում են ավելի բաց տեղեկատվություն թշնամու հետ կառավարության աշխատանքներում, ինչպես նաև անվտանգային այլ պահանջներ։ Գիտեմ, որ գերքաղաքականացված ուժերն անգամ հասարակ բարևի մեջ են քաղաքականություն տեսնում, բայց հավատացած եղեք Հայրենիքն ու այն սիրելը բացարձակ արժեքներ են, որը ոչ բոլորին է տրված Աստծու կողմից․․․ Հայոց աշխարհիս հզորություն, Հայոց բանակիս զորություն․․․»,- գրել է Հովհաննիսյանը։