Ճապոնիայի ԱԳՆ-ն Ռուսաստանի ռազմական ակտիվության կապակցությամբ հայտարարել է իր անհանգստության մասին
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Տոկիոյի անհանգստությունը ճապոնական արշիպելագի շրջակայքում Ռուսաստանի և Չինաստանի ռազմական ակտիվության աճի կապակցությամբ, հայտնում է «Kyodo»-ն՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներին։
Ավելի վաղ Ճապոնիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ճապոնիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը մտադրություն են հայտնել շարունակել զարգացնել ճապոնա-ռուսական հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, մշակութային և այլն:
Բացի այդ, նրանք անդրադարձել են այնպիսի թեմաների, ինչպիսիք են Կուրիլյան կղզիներում համատեղ տնտեսական գործունեությունը, հումանիտար փոխանակումները և անվտանգությունը, իրավիճակը Ուկրաինայում և Բելառուսում և ԿԺԴՀ-ում։