Վարակի վերջին ենթատեսակը, որը կոչվում է օմիկրոն, 50 մուտացիա է կրում, որից 30-ը վերաբերում է սպայկային սպիտակուցին. նախարար
Ստանում ենք անհանգստացնող նորություններ, որ վարակը շարունակում է մուտացվել, և հայտնաբերվում են նոր շտամեր, որոնք տարբերվում են նախորդներից իրենց տարածման ակտիվությամբ: Վերջին այդ ենթատեսակը, որը հայտնաբերվել է ՀԱՀ-ում, կոչվում է օմիկրոն և մուտացման աստիճանը բավական մեծ է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ցավոք, 50 մուտացիա է կրում տվյալ վարակը, որից 30-ը վերաբերում է սպայկային սպիտակուցին, ինչը մանրակրկիտ ուսումնասիրության առարկա է հանդիսանում: ԱՀԿ-ն ուսումնասիրում է՝ հասկանալու համար, թե, բացի տարածման ակտիվությունից, ինչ առանձահատկություններ ունի այս նոր շտամը»,- ասաց Ավանեսյանը:
Նա շեշտեց, որ հետևելով ԱՀԿ հաղորդագրություններին՝ նախատեսվում է որոշ սահմանափակող միջոցառումներ կիրառել որոշ երկրներից եկող քաղաքացիների համար:
«Մինչև օրվա վերջ կունենանք սահմանափակումների կազմը»,- ասաց Ավանեսյանը: