Էմանուել Մակրոնը Բորիս Ջոնսոնին ծաղրածու է անվանել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ծաղրածու է անվանել, հայտնում է Express-ը։
Քաղաքական գործիչը հայտարարություն է արել Լա Մանշում միգրացիոն ճգնաժամի ֆոնին։ Նա մեղադրել է Մեծ Բրիտանիայի ղեկավարին անլուրջ լինելու մեջ և նշել, որ Ջոնսոնը հիասթափեցրել է երկիրը։
«Շատ տխուր է տեսնել մի մեծ երկիր, որի հետ մենք կարող էինք այդքան շատ բան անել՝ ծաղրածուի գլխավորությամբ»,- ասել է Մակրոնը։
Ջոնսոնի խոսնակը պատասխանել է՝ խորհուրդ տալով երկու երկրների կառավարություններին կենտրոնանալ ճգնաժամի կարգավորման վրա՝ խուսափելու համար հետագա խնդիրներից: Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ Ջոնսոնը հրապարակավ նամակ է հրապարակել Ֆրանսիայի նախագահին, որով առաջարկում է պայքարել անօրինական միգրացիայի դեմ։ Մակրոնը քննադատել է Ջոնսոնի մոտեցումը աշխատանքին և նշել, որ երկրների ղեկավարները միմյանց հետ չեն շփվում Twitter-ի կամ նամակների հրապարակման միջոցով։
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան այժմ քննարկում են, թե ինչպես լուծել անօրինական ներգաղթյալների հետ կապված խնդիրը՝ ջրում խեղդված միգրանտների մասին լուրերի ֆոնին: Նոյեմբերի 24-ին ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավը խորտակվել է Ֆրանսիայի ափերի մոտ գտնվող Պա-դե-Կալեի ջրերում։ 31 մարդ մահացել է, երկուսը ողջ են մնացել, սակայն նրանց կյանքին դեռ վտանգ է սպառնում։