Փրկարարական աշխատանքը կատարելիս Հարությունը հերոսաբար զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից Սղնախ գյուղի մոտակայքում. այսօր նա կդառնար 36 տարեկան (ֆոտո)
Այսօր ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության վարորդ փրկարար Հարություն Աթաջանյանի ծննդյան օրն է: Հերոսը կդառնար 36 տարեկան:
Հարություն Աթաջանյանի ծննդյան տարեդարձի օրը Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել ԱԻՊԾ մի խումբ ծառայողներ՝ տնօրեն Մեխակ Արզումանյանի և տեղակալների գլխավորությամբ:
Հարությունը մեկն է ԱԻ ծառայության այն 4 նահատակներից, ովքեր 2020 թվականին Արցախի դեմ սկսված լայնածավալ մարտական գործողությունների ընթացքում համահավաք վաշտի անձնակազմի հետ իրականացրել են փրկարարական առաքելություն, ռազմադաշտից ու հրետակոծվող բնակավայրերից տարհանել զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողներին ու քաղաքացիական անձանց:
Հերթական հումանիտար աշխատանքը կատարելիս անօդաչու թռչող սարքի հարվածից հերոսաբար զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Ասկերանի վերին ենթաշրջանի Սղնախ գյուղի մոտակայքում:
Ամուսնացած է, ունի 2 որդի:
Փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելու համար Հ.Աթաջանյանը հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով: