Մենք ցույց կտանք Աշոտ Երկաթի դեմ հարուցված քրեական գործի փուչիկ լինելը. պաշտպան
Աշոտ Մինասյանը կալանավորվել է 2020 թվականի նոյեմբերի 15-ին ներկայացված քննիչի պահանջի հիման վրա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Նա նկատում է, որ իր պրակտիկայում նման աբսուրդ իրավաբանության չի հանդիպել։
«Աշոտ Մինասյանը կալանավորվել է 2020 թվականի նոյեմբերի 15-ին ներկայացված քննիչի պահանջի հիման վրա. 2020 թվականի նոյեմբերի 15-ին քննիչն ասում էր, որ Աշոտ Մինասյանը, մնալով ազատության մեջ, կթաքնվի, կխոչընդոտի քննությանը ու, հնարավոր է, կատարի նոր արարք. Աշոտ Մինասյանը 2020 թվականի նոյեմբերի 15-ին չկալանավորվեց, մեկ տարի դեգերումներից հետո պարզվեց՝ քննիչը ճիշտ էր՝ Աշոտ Մինասյանը, հայտնվելով ազատության մեջ, կթաքնվի, կխոչընդոտի կամ կկատարի նոր արարք», - ասաց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ ժամանակն արդեն իսկ ապացուցել էր, որ Մինասյանը չի թաքնվել, չի խոչընդոտել, որևէ նոր արարք չի կատարել։
«Աշոտ Երկաթը պատրաստ է ժամանակավորապես զիջել իր ազատությունը, բայց պատրաստ չէ զիջել հայրենիքը: Մենք պայքարելու ենք մինչև վերջ ու ցույց ենք տալու այդ քրեական գործի փուչիկ լինելը»,- ասաց Պողոսյանը։
Միհրան Պողոսյանն Աշոտ Մինասյանի հետ հանդիպել է երեկ չէ առաջին օրը. «Տրամադրությունը շատ բարձր էր»,-հայտարարեց «Պողոսյանը: