Երդվում եմ հավատարիմ մնալ հորս` ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դավանած սկզբունքներին․ Ասպրամ Կրպեյանը ստանձնեց պատգամավորի լիազորությունները (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ պատգամավորական մանդատ է ստացել Ասպրամ Կրպեյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը երդմամբ ստանձնեց լիազորությունները։
Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նաև տեսանյութ, որին կից հրապարակել է երդման տեքստը․
«Սիրելի հայրենակիցներ,
Հանուն համազգային նպատակների իրագործման, հանուն ազատ, անկախ և միացյալ Հայաստանի` երդվում եմ
հավատարիմ մնալ հորս` Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դավանած սկզբունքներին և բացառիկ, անմնացորդ նվիրումին առ Հայրենիք:
կատարել 2020թ. նոյեմբերի 10-ի լուսադեմին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տվածս երդումը` հանուն պատմական արդարության, համազգային միասնության և արժանապատվության վերականգնման:
Քանզի չկա Հայաստան` առանց Արցախ և չկա Արցախ` առանց Հայաստան:
Հավերժական Հայաստան լինելու է: