Շուշիի պաշտպանության համար անմահացած Արայիկ Հակոբյանի ծննդյան օրն է (լուսանկարներ)
Այսօր ԱԻ պետական ծառայության ավագ լեյտենանտ Արայիկ Հակոբյանի ծննդյան օրն է:
Հերոսը կդառնար 41 տարեկան:
Արայիկի համածառայակից ու մարտական ընկերները՝ ընտանիքի անդամների և ՀՀ-ում ԱԻ ծառայության ներկայացուցիչ Արմեն Սարուխանյանի ուղեկցությամբ, այսօր այցելել են Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել 2020 թվականի նոյեմբերի 6-ին հայրենի քաղաքի՝ Շուշիի պաշտպանության համար անմահացած Արայիկ Հակոբյանի շիրմաքարին:
Արայիկը 2002 թվականից ծառայում է Շուշիի շրջանային ԱԻ բաժնում: Եղել է նույն բաժնի հրշեջ փրկարարական մասի 3-րդ պահակախմբի պետը:
2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սկսված լայնածավալ մարտական գործողությունների ընթացքում՝ Արայիկ Հակոբյանը ԱԻՊԾ համահավաք վաշտի անձնակազմի հետ միասին մասնակցել է հայրենիքի փրկության համար մղված մարտերին:
Զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 6-ին՝ հարազատ քաղաքի պաշտպանության համար մղված թեժ մարտերում:
Ամուսնացած է, ունի 1 որդի, 2 դուստր:
Փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելու համար Ա.Հակոբյանը ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով:
Նշենք, որ ՆԳ նախարարի կարգադրությամբ, ծննդյան ու հիշատակի օրերին՝ համակարգի ծառայողներն այցելում և իրենց զորակցությունն են են համածառայակիցների ընտանիքներին, հարգանքի տուրք մատուցում բացակա ընկերների շիրիմներին: