Ադրբեջանում հայ գերիների թիվն 80-ով ավելի շատ է, քան հաստատվել է. նրանց ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ չկան. իրավապաշտպան
Հայ ռազմագերիների շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ ռազմագերիների իրավուքների պաշտպանությանը նվիրված քննարկման ժամանակ ասաց, որ մինչ օրս Ադրբեջանը թաքցրել է ռազմագերիների թվաքանակը։ Մինչև նոյեմբերի 16-ի միջադեպը, հաստատված տվյալներով և դեռևս Ադրբեջանում պահվող 40 ռազմագերի, սակայն այդ թիվն իրական չէ։
Սահակյանի խոսքով՝ ևս առնվազն 80 մարդ գտնվում է գերության մեջ, սակայն Ադրբեջանը հրաժարվում է պաշտոնապես ձեւակերպել նրանց գերեվարումը։ Մինչ օրս նրանց ճակատագրի մասին որևէ տեղեկություն չկա, նրանց պահում են կամ սպանում:
«Խոսվում էին 12 կամ 13 գերիների մասին, այն դեպքում, երբ միայն տեսանյութերը ուսումնասիրելիս կարելի է եզրակացնել, որ նրանց թիվն ավելի շատ է։ Քանի դեռ բոլոր հանգամանքներն ուսումնասիրված չեն, հայկական կողմը չի կարող պաշտոնապես ներկայացնել թիվ։ Նախկին միջադեպերով հայկական կողմն ընդհանրապես թվեր չի հրապարակել, մենք ենք հրապարակել։ Զարմանալի է՝ ինչո՞ւ փոխվեց վարքագիծը, ինչո՞ւ են հրապարակվել թվեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը»,-նշեց իրավապաշտպանը: