Այդ կիլկին Սամսոնյանի տրամաչափի չէ. գոնե Սամսոնյանի տրամաչափի մարդ գտնեին, բողոք գրել տային. Ռուբեն Հայրապետյան
Մեր ժամանակ էլ շատ վատ բաներ են եղել, սակայն մեզ մի համեմատեք սրանց հետ, դա վիրավորանք է։ PressTime.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանը՝ ընդունելով, որ իրենց ժամանակ էլ վատ բաներ եղել են, սակայն ինքը երբեք չի խրախուսել դա։
-Պարոն Հայրապետյան, այսօր ոստիկանները, այսպես ասած, ասֆալտին փռելով, բերման ենթարկեցին ընդդիմադիր գործիչ Նարեկ Սամսոնյանին, ով նաև լրատվամիջոց է ներկայացնում։ Արդեն հայտնի է, որ նրան ձերբակալել են ու ձերբակալել են ԼՀԿ ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանի դիմումի հիման վրա։ Սամսոնյանին, ըստ էության, մեղադրում են Խաժակյանին ծանր վիրավորանք հասցնելու մեջ։
-Ցավալի է, որ սրանք արդեն լրատվամիջոցների ներկայացուցիչների ու քաղաքական գործիչների են ձերբակալում։ Վատն այն է, որ ցանկացած մարդու էլ սրանք կարող են ձերբակալել անօրինական կերպով։ Բայց ամենավատն այն է, որ «տղա սիլվահամբարձումյանին» են գտել, մի կիլկի, որը Նարեկ Սամսոնյանի տրամաչափի չէ։ Ցանկալի կլիներ գոնե Սամսոնյանի տրամաչափի մարդ գտնեին, որ բողոք գրել տային։ Այն, որ տվյալ անձի բողոքով Նարեկին ձերբակալում են, դա արդեն շատ վատ է։ Սա իրավական ամենաթողություն է՝ «բեսպրիդել»։
-Փաստորեն Սամսոնյանի դեպքն առաջինն է, բայց կարող ենք վստահորեն ասել, որ վերջինը չի լինելու։ Ի՞նչ եք կարծում, կարող է արդյո՞ք այս հանցակազմն օգտագործվել մասնավորապես ընդդիմադիր գործիչներին ճնշելու համար։
-Իհարկե կարող է։ Թույլ իշխանությունները միշտ թաքնվում են ոստիկանության հետևում։ Այն ժամանակներում «տղայական» խոսակցությունների ժամանակ կային հատուկ գործակալներ, թույլ տեսակներ։ Դրանք բոլորը ոստիկանների հետևից էին լեզուները երկարացնում։ Նրանց տեսակն «աբիժնիկ», վախկոտ տիկին տղամարդու տեսակն է: Սա անընդհատ շարունակվելու է։
Այս անօրինական օրենքն ընդունվել է հենց սրա համար՝ ընդդիմախոսներին հերթական անգամ լռեցնելու փորձ անելու և հերթական ռեպրեսիաների ալիք բարձրացնելու նպատակով։ Սրանք վաղուց են սկսել սա։ Հիշեք, թե նույն Նարեկ Սամսոնյանին, առաջին անգամ,որ թվին են կալանավորել, նույնը Արթուր Դանիելյանին, Նարեկ Մալյանին և շատ այլ ընդդիմախոսների։
Հիշեք, թե ինչեր էին անում։ Ուղղակի այն ժամանակ օրենք չկար, տանում էին 3 ժամ պահում էին, հետո բաց թողնում, իսկ հիմա անօրինական օրենք են ընդունել ու շարունակում են իրենց ապօրինի գործողությունները՝ դրանց օրենքի ուժ տալով։ Սա անում են այն դեպքում, որ այս նույն հայհոյանքներն ու աղբն իրենք են հրապարակ բերել։ Երկրի վարչպետը քաղաքացիների ներկայությամբ հարբած կանգնում ու ասում է, թե «շինելու» են։ Ինչպե՞ս դա հասկանանք։
-Պարոն Հայրապետյան, մենք կարծես թե խոսում ենք միայն ընդդիմադիրների նկատմամբ քայլերի մասին։ Տեսեք, նախորդ շաբաթ Ազգային ժողովում ծեծկռտուք եղավ, հայհոյանքներ էին հնչում, այդ թվում՝ իշխանական պատգամավորների կողմից։ Մի՞թե դրանք ծանր վիրավորանք չեն։ Եթե ծանր վիրավորանք են, ինչո՞ւ նույն այդ պատգամավորներին ասֆալտին փռելով չեն տանում։ Ու առհասարակ ի՞նչ կասեք այսօրվա խորհրդարանի ու մասնավորապես տեղի ունեցող «ռազբորկաների» մասին։ Ժամանակին ձեր իշխանության անունն էր դուրս եկել, բայց այսօրվա պատգամավորները կարծես թե տվել են ձեզ անցել՝ բոլոր հարցերում։
-Խնդրում եմ, մեզ մի վիրավորեք, մի համեմատեք այդ աղբի հետ։ Այսօր Ազգային ժողովում գոյություն ունի մեծ աղբակույտ՝ իհարկե, հանած այն ընդդիմադիրներին, ովքեր փորձում են ինչ-որ բան անել,գոնե դիմադրել գոյացած զիբիլին։ Բայց այսօրվա իշխանություններին ու այս պատգամավորներին, որ տեսնում եք, դրանց մի համեմատեք մեզ հետ։ Իհարկե, մեր ժամանակ շատ վատ բաներ են եղել, ես երբեք դա չեմ խրախուսել։
Ինչ վերաբերում է Ազգային ժողովում տեղի ունեցածին ու այն մասին, որ երկակի ստանդարտներ են գործում, կասեմ, որ դրանք ոչ թե երկակի են, այլ՝ եռակի։ Ինչ ուզում՝ անում են։ Մի հիվանդի որոշմամբ, ինչ ուզում՝ անում են։