ԱՄՆ-ն պատրաստ է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները
ԱՄՆ-ն պատրաստ է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) շրջանակներում, որը Թեհրանին տնտեսական օգուտներ կբերի։ Այս մասին հայտարարել է Համաշխարհային կազմակերպությունում Ամերիկայի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը՝ երեքշաբթի օրը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք լիովին պատրաստ ենք չեղարկել պատժամիջոցները, որոնք չեն համապատասխանում նախատեսված մեր պարտավորություններին, ինչը թույլ կտա Իրանին ստանալ գործարքով նախատեսված տնտեսական օգուտները»,- ասել է ԱՄՆ ներկայացուցիչը:
Լինդա Թոմաս-Գրինֆիլդն ասել է, որ Իրանը Վիեննայի բանակցություններում անիրատեսական պահանջներ է ներկայացրել: «Սակայն մենք չենք կարող թույլ տալ Իրանին արագացնել իր միջուկային ծրագիրը և ձգձգել բանակցությունները: Ցավով պետք է նշեմ, որ դա հենց այն է, ինչ տեղի է ունենում Վիեննայի բանակցություններում», - ասել է նա:
Իրանի միջուկային համաձայնագրի և Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների յոթերորդ փուլը սկսվել է Վիեննայում նոյեմբերի 29-ին և դադարեցվել դեկտեմբերի 3-ին, երբ եվրոպացի մասնակիցները վերադարձան իրենց երկրներ՝ լրացուցիչ խորհրդակցությունների համար՝ նախքան երկխոսությունը շարունակելը:
Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ևս մեկ փուլ, որտեղ Իսլամական Հանրապետությունը կողմերին ներկայացրեց միջուկային գործարքի երկարաձգման մասին համաձայնագրի նախագիծը՝ ԱՄՆ պատժամիջոցների վերացման և միջուկային ծրագրին վերաբերող երկու փաստաթղթերի տեսքով։