Իգոր Խաչատուրովի ներկայացուցիչը մտադիր է ապացուցել, որ Ստյոպա Սաֆարյանի վերաբերյալ՝ «թուրք քիրվայի դուրսպրծուկ» հնչեցրած արտահայտությունը պայմանավորված է եղել հանրային գերակա շահով
Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ Իգոր Խաչատուրովի գործով ապացուցման բեռի բաշխման ընթացքը թեժ է անցել։ Ստյոպա Սաֆարյանը, որը մասնակցել է դատական նիստին, հրաժարվել է օրենքով սահմանված կարգով իրեն հասանելիք ապացուցման բեռից և պարբերաբար բորբոքվել։ Գործով պատասխանող Իգոր Խաչատուրովի ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ որոշ մանրամասներ ներկայացնելով դատական նիստից։
Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը ներկայացած հայցադիմումով պահանջում է ներողություն խնդրել իբրև վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար, ինչպես նաեւ փոխհատուցել ենթադրյալ պատճառված վնասը՝ 500.000 դրամի չափով։ Հայցադիմում ներկայացնելու հիմք է հանդիսացել լրատվականում հրապարակված՝ «Իգոր Խաչատուրովի պատասխանը՝ Ստյոպա Սաֆարյանին» վերտառությամբ հրապարակումը։ Խաչատուրովը, պատասխանելով Սաֆարյանի հայտարարությանը, մասնավորապես նշել էր. «Բաղանիս Այրումի հարբած թուրք քիրվայի դուրսպրծուկ, էս անիմաստ երկար տեքստդ հանկարծ չջնջես, որ պատասխան ես տալու, տող առ տող: Մեկ է, քեզ էդ անկարայի չվերթին տեղ չեն տալու։ Գնա, մտի շիզոֆրենիկ տիրոջդ փեշի տակից մի բան գտի, խաղա, վայելի իշխանության վերջին կայֆերը ու աշխատիր հանկարծ աչքիս չերևաս»։ Նշված արտահայտություններն` ըստ Սաֆարյանի, վիրավորանք է, ինչի համար վերջինս պահանջել է ներողություն խնդրել, ինչպես նաև՝ դրամական փոխհատուցում տալ։
Գործը դեռևս դատաքննության փուլ չի հասել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մուրադ Հովակիմյանի նախագահությամբ, վերջին դատական նիստի ընթացքում պետք է բաշխվեր ապացուցման բեռը, սակայն շուրջ 2.5 ժամ տևած նիստի ընթացքում բաշխում այդպես էլ տեղի չի ունեցել։
Փաստաբան Անահիտ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ զրպարտության, վիրավորանքի գործերով կողմերից յուրաքանչյուրն ունի իր ապացուցման բեռի պարտականությունը, որը նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով է սահմանված և, ըստ այդմ, հայցվորի պարտականությունն է ապացուցել, որ այդ արտահայտությունը եղել է, ընդ որում՝ հրապարակային, որով արատավորվել է իր պատիվը և արժանապատվությունը, հեղինակությունը։
«Երբ հասանք նրան, որ հայցվորը պետք է ապացուցի, որ դա եղել է հրապարակային, հայցվորը սկսեց ասել, որ ինքն այդ ապացուցման պարտականությունը չունի։ Ամբողջ դատական նիստը ծավալվեց դրա շուրջ»,- նշեց Սարգսյանը՝ պատմելով, որ հայցվորը դատական նիստին հայտարարել է, որ պատասխանող կողմն, իբր, արդեն ընդունել է, որ Իգոր Խաչատուրովը հրապարակային կատարել է այդ արտահայտությունը, մինչդեռ, պատասխանող կողմը նշել է, որ Իգոր Խաչատուրովը չի հերքել, որ կատարել է այդ արտահայտությունը, սակայն հերքում է, որ դա արվել է հրապարակային։ Սարգսյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ պատասխանող կողմը չունի պարտականություն՝ ապացուցելու, որ դա հրապարակային չի կատարվել, հայցվոր կողմը պետք է ապացուցի՝ հրապարակային կատարելու հանգամանքը, մինչդեռ, Սաֆարյանը փորձում էր ապացուցել, որ դա ապացուցման պարտականություն չէ, այլ՝ հաստատված փաստ։ Ավելին՝ պնդում էր, թե դատավորն իրավունք չունի իր վրա նման պարտականություն դնել։
Փաստաբանի դիտարկմամբ՝ հայցվոր կողմը նման ելույթներով փորձում էր նաև դատավորի նկատմամբ ինչ-որ ճնշումներ գործադրել, եւ քննարկումների արդյունքում բեռն այդպես էլ չբաշխվեց։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: