Երևանի հետ Անկարայի երկխոսությունը կհամակարգվի Բաքվի հետ․ Թուրքիայի փոխնախագահ
«Թուրքիան հանդես է գալիս ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին, այլև ողջ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օգտին։ Անկարայի դիրքորոշումն այս հարցում չափազանց անկեղծ է»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, փոխանցում է Anadolu-ն։
Փոխնախագահի խոսքով, թուրքական կողմը կշարունակի առաջ մղել երկխոսությունը Երևանի հետ առավելագույն զգուշությամբ և սերտ համակարգելով Ադրբեջանի հետ։
Թուրքիայի փոխնախագահը հիշեցրել է, որ Ադրբեջանը ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ իր գործողություններում հիմնված էր միջազգայնորեն ճանաչված ինքնապաշտպանության իրավունքի վրա։
«Մենք ակտիվորեն աջակցել ենք Ադրբեջանին նրա արդար պայքարում։ Ադրբեջանական հողերի 30-ամյա օկուպացիայի հարցը փակվեց. Նոր իրողությունները պարարտ հող են ստեղծել այս տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար»,- ասել է Օքթայը:
Քաղաքական գործիչն ուշադրություն է հրավիրել տարածաշրջանային համագործակցության հարթակ՝ «3 + 3» ձևաչափի ձևավորման՝ Թուրքիայի և Ադրբեջանի խաղաղ նախաձեռնության վրա։
Անկարայի դիրքորոշումը Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության և խաղաղության ապահովման հարցում կմնա անփոփոխ»,- եզրափակել է Օքթայը։