Եթե գերիներին հանձնել են հակառակորդին, նշանակում է այդտեղ մեր շահերից ու հետաքրքրություններից բխող խնդիր անպայման գոյություն ունի. Անդրանիկ Քոչարյան
Հնարավոր է մի պահ գալ, որ գերիների փոխանակումը տեղի ունենա գերիների հետ. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով, օրեր առաջ 2 ադրբեջանցու գերեվարելու փաստը զսպող գործիք է Ադրբեջանի համար նմանատիպ հետագա ցանկությունների համար։
««Շատ հնարավոր է՝ մեկ գերին փոխանակվի տասնյակի հետ, այսինքն՝ գերիների հավասարազոր փոխանակումը չէ խնդիրը. գերիները փոխանակվում են գերիների հետ առանց նախապայմանների։ Թե ինչու են երկու գերին վերադարձվել, թույլ տվեք անվտանգության մարմիններն իրենք այդ փակագծերը ձեր առաջ չբացեն», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Նրա վստահեցրեց, որ գերիների խնդիրն անպայման լուծվելու է։
«Գերիները բոլորը բոլորի հետ պետք է փոխանակվեն. փոխանակման պրոցեսի մանրուքներին ես տեղյակ չեմ, բայց եթե գերիներին հանձնել են հակառակորդին, նշանակում է այդտեղ մեր շահերից ու հետաքրքրություններից բխող խնդիր անպայման գոյություն ունի»,-ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը։