Դուք արժանի հեղինակություն եք վայելում հայրենակիցների շրջանում և միջազգային ասպարեզում՝ որպես իմաստուն և փորձառու պետական գործիչ․ Պուտինը՝ Ալիևին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։
Շնորհավորական նամակում ասվում է.
«Դուք արժանի հեղինակություն եք վայելում հայրենակիցների շրջանում և միջազգային ասպարեզում՝ որպես իմաստուն և փորձառու պետական գործիչ, որը կարող է նույնիսկ ամենադժվարին իրավիճակներում հավասարակշռված, հեռատես որոշումներ կայացնել։ Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը համընդհանուր ճանաչված հաջողությունների է հասել տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում»։
Ռուսաստանի ղեկավարը մասնավորապես նշել է․ «Գնահատում եմ մեր բարեկամական հարաբերությունները։ Ես ուրախ կլինեմ շարունակել կառուցողական, բովանդակալից երկխոսությունը ձեզ հետ և սերտ համատեղ աշխատանքը՝ ի շահ ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման»:
Պուտինն Ալիևին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ, իսկ նրա ընտանիքին փոխանցել իր սրտանց ողջույնները։