Օրակարգից դուրս է եկել քաղաքապետարանում «Երիտասարդության հարցերի բաժին» ձևավորելու նախագիծը. Երևանի ավագանու նախկին անդամ
Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանի գրառումը․
«Իմ երեք տարիների աշխատանքի և քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի ջանքերի շնորհիվ, դեկտեմբերի 28-ին Երևանի ավագանու կողմից 2022 թվականի բյուջեի ընդունման պարագայում առաջին անգամ 10 միլիոն դրամ կհատկացվի Երևանում երիտասարդական ծրագրերի և միջոցառումների իրականացմանը։
Երիտասարդական միջոցառումների իրականացում ծրագրով նախատեսվել է «Աշխատանք երիտասարդներին» աշխատանքային տոնավաճառի կազմակերպումը, Երիտասարդների միջազգային օրվան և Կամավորների միջազգային օրվան նվիրված միջոցառումների կազմակերպումը, Երիտասարդների նորարարական ծրագրերի և նախաձեռնությունների ֆինանսավորումը:
Ցավոք իմ լիազորությունների դադարեցումից հետո օրակարգից դուրս է եկել քաղաքապետարանում «Երիտասարդության հարցերի բաժին» ձևավորելու նախագիծը, որի ուղղությամբ պատասխանատու գերատեսչությունների հետ աշխատել էինք շուրջ 3 ամիս։
Դրանով վտանգվում է այս ծրագրերի իրականացումը։ Հույս ունեմ, որ տարվա սկզբին այս հարցը հետ կգա օրակարգ»։