Բայրամովը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև անկլավների խնդրի մասին
«Ադրբեջանական հողերը շուրջ 30 տարի գտնվում էին օկուպացիայի տակ։ Տարածքների ազատագրումը, ինչպես նաև Հայաստանի հետ սահմանի վերահսկողությունը հիմք ստեղծեցին սահմանների քաղաքակիրթ որոշման համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ այս գործընթացի սկիզբն արտացոլվել է նոյեմբերին Սոչիում կայացած Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի,և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։
«Դեռևս 2021 թվականի մայիսին Ադրբեջանը համաձայնեց ստեղծել աշխատանքային խումբ՝ սահմանազատման գործընթացը սկսելու համար։ Սակայն Հայաստանը որոշակի պայմաններ առաջ քաշեց, ուստի այդ գործընթացը չսկսվեց։ Այս դեպքում հանձնաժողովի ստեղծումը կվերածվի երկար, անվերջանալի գործընթացի»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։ Նախարար Բայրամովը նաև ընդգծել է, որ անկլավների հարցն իրողություն է, որը ոչ ոք չի կարող ժխտել։
«Անկախ տարբեր քարտեզների տարբեր հղումներից, դեռ խորհրդային տարիներին կային բնակավայրեր, որոնք գոյություն են ունեցել մի քանի հարյուր տարի։ Կային պետական և մասնավոր սեփականության օբյեկտներ, փաստաթղթեր։ Չի կարելի հերքել։ Բայց ի՞նչ տեսքով պետք է լուծվեն այս հարցերը ներկա դարաշրջանում։ Միայն սահմանազատման գործընթացով։ Դրա համար կարևոր է հայ-ադրբեջանական աշխատանքային խմբի ստեղծումը, և մենք պատրաստ ենք դրան։ Բայց արդյո՞ք դրա ստեղծումն ու գործընթացի սկիզբը ենթադրում է հարցերի լուծում կարճ ժամանակում։ Մենք պետք է իրատես լինենք. այս ոլորտում պետք է համակարգված և շարունակական աշխատանք տանենք։ Ադրբեջանը կարծում է, որ գործընթացը պետք է ընթանա բանակցային սեղանի շուրջ և չպետք է լարվածություն լինի զինվորականների միջև»,- եզրափակել է արտգործնախարարը։