ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախումբը կատարել է պատերազմող կողմերին բաժանելու բարդ առաջադրանքները. Շոյգու
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը կատարել է պատերազմող կողմերին բաժանելու բարդ առաջադրանքները և ներկայումս լուծում է ծրագրված խնդիրները տարածաշրջանում, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռազմական գերատեսչության կոնֆերանսի ժամանակ։
«Ներկայացնելով մեր խաղաղապահ ուժերը՝ մեզ հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը, և հետագա քայլեր են ձեռնարկվում ծրագրված աշխատանքներն իրականացնելու համար։ Հիմա դա արդեն կարելի է ծրագրված անվանել։ Կյանքն աստիճանաբար վերադառնում է այս տարածաշրջան բնականոն հունին։ Ավելի ու ավելի շատ է խաղաղությունն ու անդորրը այնտեղ»,- ասել է Շոյգուն։
Նրա խոսքով, «սա բոլոր նրանց մեծ վաստակն է, ովքեր ներգրավված են եղել բժշկական եւ մարդասիրական օգնության տրամադրման գործում։ Եվ իհարկե բոլոր նրանք, ովքեր շուրջօրյա կանգնած են խաղաղապահների դիրքերում»,- ընդգծել է նախարարը։
Նա երախտագիտություն է հայտնել «բոլոր հրամանատարներին, զինծառայողներին, շարքայիններին, սերժանտներին, ովքեր այս ամբողջ ընթացքում ծառայում են Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և արտերկրի մեր մյուս հենակետերում»։
«Այն ամենը, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ Ղարաբաղում, երբ ծայրահեղ ծանր, ծայրահեղ սուր իրավիճակ էր, հաղթահարվեց մեր գերագույն հրամանատարի ջանքերով, ով վարում էր այդ բանակցությունները»,- նշել է. Շոյգուն։
Հանդիպման ընթացքում նա շնորհակալություն է հայտնել նաև շինարարներին աշխատանքի համար, ովքեր տարվա ընթացքում շահագործման են հանձնել ավելի քան երեք հազար օբյեկտ։