«Ադրբեջանը քրիստոնեություն ընդունել է 313 թվականին». ԱՄՆ-ում Ադրբեջանի հյուպատոս Աղաևը ծաղրի առարկա է դարձել (լուսանկար)
Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը կաթոլիկների Սուրբ Ծննդյան առթիվ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում, որտեղ պնդել է, որ իբրև քրիստոնեությունն Ադրբեջան է մտել 1-ին դարում՝ պետական կրոն դառնալով 313 թվականին:
«Այս Սուրբ Ծննդյան օրը եկեք նայենք հին ադրբեջանական քրիստոնեական ժառանգության այս գեղեցիկ պատկերներին: Քրիստոնեությունը Ադրբեջան է մտել 1-ին դարում՝ պետական կրոն դառնալով 313 թվականին։ Այսօր հարյուրհազարավոր քրիստոնյաներ ապրում են խաղաղ և ազատորեն դավանում են Ադրբեջանում»,- գրել է Աղաևը։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հյուպատոսի գրառումն ու նշել. «Ադրբեջանի «Սուրբծննդյան բացիկը». այս կեղծ թվիթը պնդում է, որ գոյություն ունեն «ադրբեջանական քրիստոնեական եկեղեցիներ», և որ Ադրբեջանը քրիստոնեական պետություն է դարձել 313 թվականին»:
