Ուժգին պայթյուն Ուկրաինայի հիվանդանոցներից մեկում. կան զոհեր
Պայթյունը որոտացել է Ուկրաինայի Իվանո-Ֆրանկիվսկի շրջանի կենտրոնական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, երկու մարդ մահացել է, հանգամանքները պարզվում են։
Այս մասին հայտնել է Ուկրաինայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում պայթյուն է տեղի ունեցել: Առկա տեղեկությունների համաձայն՝ միջադեպը երկու մարդու կյանք է խլել»,- հայտնել է նախարարությունը Facebook-ում։ Ըստ նախարարության՝ դեպքի հանգամանքները ներկայումս պարզվում են։ Տեղում են փրկարարները, շտապօգնության ութ խումբ և մարզային առողջապահության վարչության ներկայացուցիչներ։
Իվանո-Ֆրանկիվսկի մարզում Արտակարգ իրավիճակների պետական ծառայության շտաբի տվյալներով՝ փրկարարներին հաջողվել է փրկել երեք մարդու։ Միջադեպի պատճառները չեն նշվում։