Պետք է հրաժարվել զորքեր ուղարկելուց և պարզապես դուրս գալ ՀԱՊԿ-ից
ԱՄՆ-ում բնակվող ՀՀ քաղաքացի, արվեստագետ Սասուն Քոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մինչև այս պահը ՀԱՊԿ-ից օգուտ չկար, բայց կարծես թե վնաս էլ չկար: Իսկ հիմա օգուտ չկա, միայն վնաս կա: Ղազախստան զորք ուղարկելուց Հայաստանը ոչ մի շահ չունի: Մի կողմ թողնենք նույնիսկ այն, թե ինչու պետք է Հայաստանը միջամտի որևէ պետության ներքին հարցերին: Եթե Տոկաևը ապստամբությունը ճնշի ու մնա իշխանության, միևնույն է Հայաստանին օգուտ չկա:
Տոկաևը Հայաստանին չի օգնելու թե ՀԱՊԿ-ի շրջանակներում, թե դրանից դուրս: Դրա նախադեպը ունենք՝ երբ Բելառուսի դեպքերի հետ կապված հայ հասարակությունը դժգոհեց, որ Փաշինյանը սատարում է Լուկաշենկոյին, վերջինս դա բացատրեց անվտանգային հարցերով: Սակայն մենք Բելառուսից այդպես էլ երբեք անվտանգային հարցերում որևէ օգնություն չստացանք: Ընդհակառակը, Բելառուսը օգնեց Ադրբեջանին:
Նույնն էլ Ղազախստանի դեպքում է լինելու՝ մենք նրանց օգնության հասնենք, թե ոչ, փաստն այն է, որ և Բելառուսը, և Ղազախստանը ավելի մեծ շահ ունեն Ադրբեջանից, քան Հայաստանից: Նրանք մեր բարեկամները չեն ու չեն դառնալու:
Այնպես որ պետք է պարզապես դուրս գալ ՀԱՊԿ-ից: ՀԱՊԿ-ում մնալու միակ փաստարկը Ադրբեջանի հնարավոր մուտքը ՀԱՊԿ արգելելն էր, բայց կարծում եմ հիմա նույնիսկ դա էական չէ: Պետք է հրաժարվել զորքեր ուղարկելուց և պարզապես դուրս գալ»: