Բիշքեկի օդանավակայանից հայտնել են, որ Նազարբաևն այնտեղ վայրէջք չի կատարել
Մանաս օդանավակայանը «տեղեկություն չունի Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ընտանիքի ինքնաթիռների վայրէջքի մասին Բիշքեկի օդային տարածքում»։ Այս մասին հայտնել է Ղրղզստանի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի տեղեկատվական գրասենյակը, փոխանցում է РИА Новости-ն։
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ պնդում էին, որ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ընտանիքին պատկանող երկու մասնավոր ինքնաթիռներ վայրէջք են կատարել Բիշքեկի «Մանաս» միջազգային օդանավակայանում։ Նրանցից մեկը եկել է Մակեդոնիայից, երկրորդը՝ Արաբական Միացյալ Էմիրություններից։ Որոշ ժամանակ անց երկու ինքնաթիռներն էլ լքել են Ղրղզստանի օդանավակայանը։
«Մենք նման տեղեկություն չունենք»,- ասել են օդանավակայանից։