Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանում է
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գտնվում է հանրապետության մայրաքաղաքում և անմիջական կապ է պահպանում պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը։
«Նազարբաևը գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան քաղաքում։ Խնդրում ենք գիտակցաբար սուտ, ենթադրական տեղեկատվություն չտարածել։ Նազարբաևը մի շարք խորհրդատվական հանդիպումներ է անցկացնում և անմիջական կապի մեջ է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ»,- գրել է Ուկիբայը Twitter-ի իր էջում։
Նա նաև հայտնել է, որ Նազարբաևը մի քանի հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանին բարեկամ երկրների ղեկավարների հետ։
Նրա խոսքով, Ղազախստանի առաջին նախագահը բոլորին կոչ է անում համախմբվել Կ-Ժ.Տոկաևի շուրջ՝ հաղթահարելու առկա մարտահրավերները և ապահովելու երկրի ամբողջականությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ղազախական Orda լրատվամիջոցը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ «Նազարբաևը դուստրերի հետ փախչել է Ղազախստանից»։