Ուժգին երկրաշարժ Չինաստանում. փլուզվել է չինական մեծ պարսպից հատված
Չինաստանի Գանսու նահանգում փլուզվել է Չինական Մեծ պատի մի հատվածը։ Փլուզման պատճառը եղել է երկրաշարժը, որը տեղի է ունեցել շաբաթ օրը հարևան Ցինհայ նահանգում, գրում է Global Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ Շանդան կոմսությունում, որը ցնցումների էպիկենտրոնից 114 կմ հեռավորության վրա է, փլուզվել է երկու մետր լայնությամբ պատ։ Պատի այս հատվածը թվագրվում է Մինգի ժամանակաշրջանին (1368–1644): Դեպքի վայրում արդեն սկսվել են վերանորոգման և վերականգնման աշխատանքները։
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) գնահատմամբ շաբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,3 բալ: Ցնցման էպիկենտրոնը եղել է նոսր բնակեցված տարածքում, սակայն որոշ խոշոր քաղաքների բնակիչներ նկատել են հողի տատանումները։ Երկրաշարժի հետևանքով տուժել է ինը մարդ, որոնցից ութն արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից։