Հունվարի 15-ից ապրիլի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն. կառավարության որոշումը
Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 13-ի նիստում որոշեց հայտարարել պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, կրտսեր ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը:
Որոշման նախագծում, մասնավորապես ասվում է.
«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, կրտսեր ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը:
2. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 65 քաղաքացու, որոնցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ:
3. Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 45 միավոր տրանսպորտային միջոց՝ համաձայն հավելվածի:
4. Սահմանել, որ վարժական հավաքների անցկացման ժամանակահատվածում ներգրավված համապատասխան տրանսպորտային միջոցը ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի կողմից կարող է փոխարինվել նույն տեսակի այլ տրանսպորտային միջոցով՝ համաձայնեցնելով տրանսպորտային միջոցը ներգրաված մարմնի հետ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Նշենք, որ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից վարժական հավաքներին կներգրավեն ցածր արտադրողականության 19 բուլդոզեր, միջին արտադրողականության 15 բուլդոզեր, բարձր արտադրողականության 5 բուլդոզեր և 6 էքսկավատոր։