Դատախազությունը չի հաստատել Վլադիմիր Գասպարյանի գործով մեղադրականը. Հակակոռուպցիոն կոմիտեն այն անօրինական է գնահատում
ՀՀ գլխավոր դատախազությունը լրացուցիչ քննության համար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է վերադարձրել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի քրեական գործը։ Այս տեղեկությունը NEWS.am հայտնեցին ՀՀ դատախազությունից:
Ավելի վաղ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել էին կոռուպցիոն բնույթի մի շարք չարաշահումներ: Գործի նախաքննությունն ավարտվել էր եւ ուղարկվել դատախազություն։
NEWS.am-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ ստացել են դատախազի որոշումը Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չհաստատելու եւ այն լրացուցիչ նախաքննության վերադարձնելու վերաբերյալ:
«Դատախազի որոշումը գնահատում ենք որպես անօրինական եւ չհիմնավորված: Այն անխոս բողոքարկվելու է վերադաս դատախազին, թեպետ առավել քան համոզված ենք, որ դա որեւէ արդյունք չի տալու, քանի որ վստահ ենք` նման կարեւոր գործերով առանցքային որոշումները կայացվում են դատախազական ամենաբարձր մակարդակում, եւ այս գործը դատարան չուղարկելու որոշումը դատախազության միասնական դիրքորոշումն է»,- նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։