Շորթե՞լ է արդյոք վարչապետի աթոռը զբաղեցնողը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին. Արտակ Գալստյան
Օրեր առաջ ՀՀ Նախագահի պաշտոնից հրաժարական տվեց Արմեն Սարգսյանը:
Այնուհետև պարզվեց, որ ՀՀ ԱԱԾ քննչական ծառայությունում քննվում է քրեական գործ Արմեն Սարգսյանի կողմից ՀՀ Նախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակ, վերջին վեց տարվա ընթացքում նաև այլ երկրի քաղաքացի լինելու փաստը թաքցնելու փաստով:
Ամենևին ցանկություն չունենալով անրադառնալ քննվող քրեական գործի մանրամասներին ընդամենը արձանագրենք տվյալ քրեական գործի հետ կապված մի տարօրինակ փաստի:
Այսպես՝
Արմեն Սարգսյանի կողմից ՀՀ Նախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակ, վերջին վեց տարվա ընթացքում նաև այլ երկրի քաղաքացի լինելու մասին աղմուկ բարձրացվել է դեռևս 2018թ-ին, այսօր վարչապետի աթոռը կեղծված ընտրություններով զբաղեցնող անձի կողմից:
Սակայն հենց այդ անձն էլ, նույն 2018-ի ապրիլի 26-ին՝ վարչապետ ընտրվելուց առաջ, գրառում կատարեց, որ հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ․ «Պարոն Սարգսյանն իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»։ Սրանով վարչապետի աթոռը զբաղեցնող անձը լեգիտիմացրեց Սարգսյանին, սակայն փաստաթղթերն այդպես էլ չհրապարակվեցին, եւ միակ հավաստումը մնաց վերջինիս գրառումը։
Այժմ, եթե նույն փաստով հարուցվել է քրեական գործ, ապա կարծում եմ նախաքննության մարմինը նաև պետք է գնահատական տա վարչապետի աթոռը կեղծված ընտրություններով զբաղեցնող անձի վերը նշված գրառմանը, այն է ՝
1. Արդյո՞ք վարչապետի աթոռը կեղծված ընտրություններով զբաղեցնող անձը խաբել է հասարակությանը թե՞ ոչ, արդյո՞ք Արմեն Սարգսյանը նրան որևիցե փաստաթուղթ ներկայացրել է թե՞ ոչ, արդյո՞ք գրառմամբ վերջինիս չի պարտակել Արմեն Սարգսյանի կողմից կատարված առերևույթ հանցագործությունը:
2. Եթե պարզվի, որ վարչապետի աթոռը կեղծված ընտրություններով զբաղեցնող անձը իրոք պարտակել է Արմեն Սարգսյանի կողմից առերևույթ կատարած հանցանքը, ապա ինչ նպատակով:
3. Պետք է պարզել, թե արդյո՞ք վարչապետի աթոռը կեղծված ընտրություններով զբաղեցնող անձը այդ տեղեկատվությունը հետագայում չի օգտագործել Արմեն Սարգսյանի նկատմամբ շորթում իրականացնելու համար՝ դիցուք այդ փաստով քրեական գործ հարուցելու կամ այդ փաստը հանրայնացնելու սպառնալիքով չի պարտադրել վերջինիս կատարել իր պաշտոնից բխող այս կամ այն գործողությունը:
Այլ կերպ ասած գտնում եմ, որ սույն գործով քննությունը կհամարվի օբյեկտիվ, եթե նախաքննությունը քրեաիրավական գնահատական տա նաև վերը նշված փաստերին»:
«Հայոց հայրենիք» կուսակցության ղեկավար
Արտակ Գալստյան