ՆԱՏՕ-ն պատրաստ է Ուկրաինայի վրա ռուսական հարձակման դեպքում գործողությունների. Ստոլտենբերգ
Չորեքշաբթի ՆԱՏՕ-ն ռուսական կողմին է փոխանցել անվտանգության իր գրավոր առաջարկները, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Մենք դա արել ենք ԱՄՆ-ի հետ զուգահեռ»,- ասել է նա, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը Վաշինգտոնից գրավոր պատասխան է տվել անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկներին։
Ստոլտենբերգն ասել է, որ դաշինքի պատասխանը Ռուսաստանի՝ եվրոպական անվտանգության վերաբերյալ առաջարկներին ներառում է Ուկրաինան և դրա շուրջ ստեղծված իրավիճակը՝ կոչ անելով Ռուսաստանին դեէսկալացնել իրավիճակը։
Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին առաջարկում է նախաձեռնություններ՝ նվազեցնելու ռիսկերը, վերականգնելու ներկայացուցչական գրասենյակների աշխատանքը, ինչպես նաև աշխատանք սպառազինությունների վերահսկման ուղղությամբ։
«Մենք հստակ հասկացրել ենք, որ չենք գնալու զիջումների մեր հիմնական սկզբունքների շուրջ, և դրանցից մեկն այն է, որ ցանկացած երկիր իրավունք ունի ընտրելու իր ուղին»,- ասել է Ստոլտենբերգը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի պատասխանը Ռուսաստանին։
Ստոլտենբերգը հավելել է, որ դաշինքը պատրաստ է ինչպես Ռուսաստանի հետ երկխոսության, այնպես էլ Ուկրաինայի վրա ռուսական հարձակման դեպքում գործողությունների։