Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան ճանապարհին. սառած ճանապարհի հետևանքով 30֊ից ավելի վթար է եղել. կան գլխիվայր շրջված մեքենաներ
Արդեն 3 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում մոտ 16 կիլոմետր ճանապարհահատվածն ամբողջովին պատված է մերկասառույցով, ինչի հետևանքով մոտ 30 ավտոմեքենաներ տարբեր հատվածներում վթարի են ենթարկվել:
Կան գլխիվայր շրջված, ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս եկած ավտոմեքենաներ. խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի:
Դեպքի վայրում հավաքված վարորդները ասում են. «Քանի ժամ է, ճանապարհի մերկասառույցի պատճառով իրար հետևից վթարներ են տեղի ունենում: Ճանապարհը մշակված չէ, աղ ու ավազ լցված չի ու դրա պատասխանատուն ճանշինն է: Մեր ներկայությամբ «գաի» տեսուչները արդեն մի քանի անգամ զանգահարել են ճանշին, խոստացել են, որ կգան, բայց 3 ժամ է, չկան, ասես հօդս ցնդած լինեն: Բա հիմա ով է պատասխան տալու իրենց չարած աշխատանքի հետևանքով էսքան մարդկանց պատճառված վնասի համար»: