Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման դեպքում Թուրքիան հանդես կգա որպես ՆԱՏՕ-ի երկիր. Էրդողան
Թուրքիան կշարունակի կատարել իր պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում։ Այս մասին NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։Թուրք առաջնորդը չի հստակեցրել, թե Թուրքիան ինչ քայլերի է պատրաստ և ինչ պարտավորությունների մասին է խոսքը՝ որպես Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։
«Այժմ մենք ցանկանում ենք լուծում գտնել ներկայիս ճգնաժամին երկխոսության և դիվանագիտության միջոցով: Մենք շարունակում ենք Ռուսաստանին և Ուկրաինային կոչ անել կառուցողական և զսպված պահվածք ունենալ», - ասել է Էրդողանը:
Նա հավելել է, որ Թուրքիան հենց սկզբից պաշտպանել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ «Մենք հստակ դիրքորոշում ենք որդեգրել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու Ռուսաստանի քայլերի դեմ, հատկապես՝ Ղրիմի բռնակցումը»,- ասել է Էրդողանը։